| Հանդբոլի Զարգացումը Աշխարհում |
| Tuesday, 09 June 2009 03:30 |
|
Հանդբոլի ստեղծման մասին տարաբնույթ խոսակցությունները շատ են: Փաստն այն է, որ 1882-ին Չեխիայում բնակվող դպրոցական տեսուչ Յոժեֆ Կլինկերն աշակերտներին առաջարկել էր նոր խաղ, որը շատ բանով նման էր ժամանակակից հանդբոլին: Նա խաղն անվանել էր Չեսկա խազենա: Հետագայում այդ մարզաձևը տարածվեց Չեխիայում եւ այն ներկայումս էլ այդ երկրում մեծ մասսայականություն է վայելում: Ի դեպ, այդ երկրի հանդբոլի ֆեդերացիան աջակցում է մեր երկրի ներկայացուցիչներին, որպեսզի մարզաձևը զարգանա նաև Հայաստանում: Ինչեւէ, Կլինկերի այս նորարարությունից 16 տարի անց, 1898-ին Դանիայի Օրդրուպ քաղաքի կանանց ռեալական գիմնազիայի ուսուցիչ Հոլգեր Նիլսենն իր աշակերտներին սովորեցրեց ֆուտբոլին նմանվող նոր խաղ: Նա ամենևին էլ տեղյակ չէր, որ իրենից առաջ այդպիսի փորձ է արել Կլինկերը: Պարզապես, Նիլսենը լսել էր իր կնոջը, ով խորհուրդ էր տվել իրենց տան հարևանությամբ գտնվող մարզադաշտում ֆուտբոլ խաղացող պատանիներին այնպիսի խաղով զբաղեցնել, որի ժամանակ իրենց տան պատուհանների ապակիները չեն զնգա և անվնաս կմնան: Եվ ահա, Կլինկերն էլ նոր խաղ է հորինել`ֆուտբոլի և բասկետբոլի կանոնների համադրությամբ:Եվ քանի որ խաղադաշտում դարպասներ կային, երեխաները, գնդակին ոտքով հարվածելու փոխարեն, այն սկսել են ձեռքով նետել ցանցից ներս: Իհարկե, ինչպես բասկետբոլում, նրանց իրավունք է վերապահվել տեղաշրժվելու ժամանակ գնդակը վարել: Իսկ նոր մարզաձևն անվանվել է հանդբոլ` անգլերեն §հանդ¦ (ձեռք) և §բոլ¦ (գնդակ) բառերից: Եվ այն տարիներին ոչ մեկի մտքով չէր անցնում, որ երկու մարզաձևերի համադրումից կարող է ստեղծվել նոր մարզաձև, որը հետագայում Դանիայից տարածվելու է ողջ աշխարհում: Իսկ ահա, հանդբոլը Գերմանիայում հայտնվեց 1917-ին: Այս երկիրը համարվում է §մեծ¦, այսինքն` ֆուտբոլի մարզադաշտում թիմերից յուքաքանչյուրի կազմում 11-ական խաղացողով անցկացվող հանդբոլի հայրենիքը: Թերևս պատճառն այն է, որ այդ երկրում այս մարզաձևի առաջին առաջնությունն անցկացվել է, այն էլ կանանց թիմերի միջև: Ի դեպ, 1936-ին Գերմանիայի Բեռլին քաղաքում կայացած օլիմպիական խաղերի ծրագրում էր նաև հանդբոլը: Եվ մասնակից 6 տղամարդկանց թիմերից յուրաքանչյուրի կազմում 11-ական խաղացող էր: Սակայն այս ձևաչափով հանդբոլի մրցումներ օլիմպիական խաղերի ծրագրով կայացան առաջին և վերջին անգամ: 1952-ին հանդբոլը ևս մեկ անգամ փորձեցին ընդգրկել օլիմպիական խաղերի ծրագրում, սակայն անցկացվեցին միայն ցուցադրական մրցումներ: 1938-1966-ի ընթացքում կազմակերպվել է միայն հանդբոլի կանանց 3 և տղամարդկանց 7 աշխարհի առաջնություն (11-ական խաղացողով): Այնպես որ, նախորդ դարի կեսերից սկսած այդ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մարում էր: Մասնավորապես, 1954-ին Շվեդիայում կազմակերպված տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն էր հայտնել ընդամենը 4 երկրի հավաքական: Թերևս, այդ է պատճառը, որ մարզաձևում սկսեցին որոնումեր անել, նորամուծություններ կիրառել, որպեսզի այն ավելի դիտարժան դառնա: 1934-ից արդեն սկսել էին 7-ական խաղացողով հանդբոլի հանդիպումներ անցկացնել: Իսկ պաշտոնական առաջին խաղը կայացել էր 1936-ին, և դանիացի հանդբոլիստները հաղթել էին շվեդներին: Իսկ 1958-ից արդեն սկսվեց տարածվել այն հանդբոլը, որի ժամանակ խաղահրապարակում յուրաքանչյուր թիմի կազմում հանդես է գալիս 7-ական խաղացող: Խաղի տևողությունը 60 րոպե է` երկու կեսով: Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ գնդակներ է նետում մրցակցի դարպասը, սակայն չի թույլատրվում նետում կատարողին հակառակորդի դարպասին 6 մ-ից ավելի մոտենալ: Եվ այդ խաղաձևը 1972-ին տեղ գտավ Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված օլիմպիական խաղերի ծրագրում: Այն ժամանակ հարաբերությունները որոշեցին միայն տղամարդկանց հավաքականները: Իսկ 1976-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում կազմակերպված օլիմպիական խաղերում արդեն հանդես էին գալիս ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց թիմեր: Հավելենք, որ հանդբոլը որպես նոր խաղաձև ճանաչման է արժանացել 1926-ին Հաագայում անցկացված Սիրողական աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի համաժողովում: Իսկ Հանդբոլի միջազգային ֆեդերացիան հիմնվել է 1928-ին Ամստերդամում հրավիրված հանդբոլի միջազգային ֆեդերացիայի համաժողովում: Սկզբում այն միավորում էր 11 երկրի այս մարզաձևի ներկայացուցիչների: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1946-ին, Հանդբոլի միջազգային ֆեդերացիան վերակազմավորվել է: Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի այդ համաժողովն անցկացվեց Կոպենհագենում, և մասնակցեցին 35 երկրների ներկայացուցիչներ: Այժմ կազմակերպության անդամ են շուրջ 150 երկրների հանդբոլիստներ: ԽՍՀՄ-ի ներկայացուցիչները, որոնց թվում էր նաև Հայաստանը, միջազգային կազմակերպությանը անդամակցել է 1958-ից: Իսկ անկախացումից հետո Հանդբոլի Հայաստանի ֆեդերցիան դարձել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ: |
Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորում կկայանա Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հավաքականները:
Հասցե: Հասցե` Հայաստան, Երևան, Ագաթանգեղոսի 6
Հեռախոս: (37410) 54 66 96
Ֆաքս: (37410) 54 66 96
Էլ. փոստ: info@armhandball.am