Միջազգային մրցաշար` Վանաձորում
Wednesday, 14 July 2010 12:53

 Այս տարվա  աշնան սկզբին Լոռու մարզում կկայանա հանդբոլի ուշագրավ երկու մրցաշար: Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորի մարզապալատը կհյուրընկալի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարի մասնակիցներին: Զուգահեռ կանցկացվի նաև մինչև 16 տարեկան հանդբոլիստների և հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ փուլը: Փաստորեն, պատանի  մարզիկ-մարզուհիները հնարավորություն  կունենան ոչ միայն  մրցումների բովում կարողությունները ստուգել, այլև բարձրակարգ հանդբոլիստներով համալրված հավաքականների հանդիպումներին հետևել:

Ի դեպ, եթե անցյալ տարի Երևանի «Դինամո» մարզասրահում առաջին անգամ կազմակերպված այս ստուգատեսին Հայաստանի ներկայացուցիչներից բացի մասնակցում էին  Իրանի և Վրաստանի ընտրանիները, ապա այս անգամ այս երկրների խաղացողների հետ միասին հանդես կգան նաև Բելառուսի մարզիկները: Միջազգային մրցաշարի կազմակերպումը նախապես ծրագրված էր, սակայն, որ այն Վանաձորում է կազմակերպվելու, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան նոր է որոշել: Թեևս, դրա պատճառն այն է, որ Երևանը ծանրաբեռնված է  մարզական միջացառումներով, մինչդեռ, Վանաձորում  ստուգատեսի անցկացումը թարմություն է, բացի այդ, տեղի մարզապալատի պայմաններն  ավելի են համապատասխանում հանդբոլի ժամանակակից պահանջներին, քան Երևանում եղած մարզասրահները: Ի դեպ, Լոռու մարզում սիրում են հանդբոլը, այդ մարզաձևով կանոնավոր պարապողների թիվը շատ է: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս հավանություն է տվել, որպեսզի միջազգային մրցաշարը կայանա Վանաձորում: Հաղթող հավաքականի համար նախատեսվում է վեհաշուք գավաթ: Մրցանակակիրները կստանան գեղեցիկ մեդալներ: Ի դեպ, մրցաշարին ներկա գտնվելու համար բարձրաստիճան հյուրեր են սպասվում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայից, մասնակից երկրներից: Հնարավորն արվում է, որ ստուգատեսը բարձր մակարդակով անցկացվի: Աշխատանքների իրականացման հսկողությունն անմիջականորեն ստանձնել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Կազմկոմիտեն գլխավորում է  Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարի պարտականությունը վստահվել է Ալեքսանդր Արևշատյանին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Էդիկ Օհանյանը: Ի դեպ, նրա ղեկավարությամբ հավաքականի հինգ թեկնածուներ Երևանում նախապատրաստական պարապմունքներ են անցկացնում: Եվս 9 խաղացողներ Ֆրանսիայից Հայաստան կժամանեն ավելի ուշ և օգոստոսի 28-ից սկսած մինչև մրցաշարի մեկնարկը մեր երկրի հավաքականը նախապատրաստական պարապմունքներ կանցկացնի Վանաձորում: Ակնկալվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները մարտական կազմով կներկայանան ստուգատեսին և հուսախաբ չեն անի իրենց երկրպագուներին:

 

 

 

Վարչապետի գավաթ

Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորում կկայանա Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հավաքականները:

OnLine

We have 12 guests online

English (United Kingdom) Armenian Russian (CIS)

Կարևոր նորություններ

Տեսանյութեր

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը Հ2 հեռուստաալիքի հյուր
 

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը Շանթ հեռուստաալիքի հյուր


Դիտել
.

Վերջին Մրցաշարը

Մրցաշարի նկարները կարող եք դիտել ֆոտո արխիվ էջում