Սեմինար` Վանաձորում
Wednesday, 23 June 2010 16:49

Միջազգային օլիմպիական կոմիտեի «Համերաշխություն» ծրագրով Վանաձորում հանդբոլի մարզիչների համար անցկացվեց 9-օրյա սեմինար: Կազմակերպիչներն էին ՄՕԿ-ը, Հանդբոլի միջազգային ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Փաստորեն, մեր մասնագետները բարձրացրին իրենց որակավորումը, ստացան մարզչական միջազգային առաջին կարգ:

 Սեմինարը վարեց Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի գործուղած եգիպտացի մասնագետ, պրոֆեսոր Մուհամեդ Քալեդ Աբդել Քադեր Հասան Համուտը: Վերջինս 60 տարեկան է, Եգիպտոսի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահը:

Նա հանդբոլի Ալեքսանդրիայի ակումբի նախագահն է  արդեն և 15 տարի հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից գործուղվում է տարբեր երկրներ, իր փորձն է հաղորդում հանդբոլի տեղի մասնագետներին: Համուտը 15 երկրում է եղել և առաջին անգամ էր սեմինար անցկացնում այս տարածաշրջանում: Ինքնին հարց կարող է առաջանալ, թե ինչ մակարդակ ունի հանդբոլը Եգիպտոսում: Բավական է միայն այն փաստը, որ Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայիս նախագահը` Հասան Մուստաֆան, Եգիպտոսից է: Մեկ տասնամյակից ավելի նա գլխավորում է այդ կազմակերպությունը:
Ընդ որում` Եգիպտոսի այս մարզաձևի տղամարդկանց հավաքականն ուժեղ է և  պարբերաբար հանդես է գալիս աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում: Եգիպտոսում կանանց հանդբոլը բարձր մակարդակ չունի, և դա էլ կապված է ազգային առանձնահատկությունների, մահմեդական դավանանքի հետ: Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից սեմինարավարի խորհրդատու էր նշանակվել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը:
Սեմինարի ծրագիրը հագեցած էր, մասնակիցները օրական երկու պարապմունք էին անցկացնում` տեսական և գործնական: Դրանք տևում էին 3-ական ժամ: Ի դեպ, 21 մասնակից սեմինարին մասնակցում էին ՄՕԿ-ի միջոցներով:
Իր հերթին, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան աշխատանքներում ներգրավվելու հնարավորություն էր տվել  ևս հինգ մարզչի: Եգիպտոսցի մասնագետը սեմինարը վարում էր անգլերեն, իսկ թարգմանչի պարտականությունը ստանձնել էր մեր լավագույն մարզիչներից մեկը` Արմեն Գևորգյանը, ով նախկինում մարզել է Հայաստանի հավաքականը, տևական ժամանակամիջոց բնակվել է ԱՄՆ-ում: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի բոլոր այն մարզերի ներկայացուցիչները, որոնցում կան հանդբոլի կենտրոններ:
Ի դեպ, ոչ մի մասնակից չէր հրավիրվել Գյումրիից: Բանն այն է, որ Հայաստանի երկրորդ քաղաքից ներկայացուցիչներ չէին եղել Հայաստանի տարբեր տարիքային խմբերի վերջին առաջնություններում,  և մեր երկրի հանդբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն էլ անտարբերությանը համապատասխան վերաբերմունք էր դրսևորել և Գյումրիից ոչ մի մասնագետի չէր հրավիրել սեմինարին մասնակցելու: Փաստորեն, Հայաստանում աշխատում են հանդբոլի 47 մարզիչներ, և նրանց միայն մի մասին հնարավորություն կար ներգրավվելու պարապմունքներում:
Ընդ որում` ՄՕԿ-ը կարգ է սահմանել, որ այդ սեմինարներին պետք է մասնակցեն տեղացի առնվազն 10 մասնագետներ: Այնպես որ, այդ թվով մարզիչներ էր ներկայացնում Վանաձորը: Ի դեպ, ներկայացուցիչ կար նաև Քաջարանի հանդբոլի նորաբաց կենտրոնից` Անահիտ Հայրապետյանը: Վերջինս ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ է, և, մասնակցելով սեմինարին, նա էլ հավաստագիր ստացավ: Ընդ որում` սեմինարի բոլոր մասնակիցներն էլ անվճար սնվում էին, լուծված էր նրանց գիշերելու հարցը:
Հիմնականում պարապմունքներն ընթացան Վանաձորի մարզապալատում: Ի դեպ, սեմինարն անցկացնող եգիպտոսցի մասնագետը հիացած էր այն պայմաններից, որ ունի մարզապալատը: Նա նաև հավատացած էր, որ Երևանում շատ ավելի լավ պայմաններ կլինեն հանդբոլի զարգացման համար, սակայն հետո, երբ Հայաստանի մայրաքաղաքում ծանոթացավ իրավիճակին, փոքր-ինչ հիասթափվեց:
Ծրագիրը նախապես էր կազմվել: Մարզիչներին գիտելիքներ տրվեցին, թե ինչպես պետք է պարապմունքները կազմակերպվեն սկսնակների խմբերում, պատանիների և աղջիկների ընտրությունն ինչպես պետք է իրականացվի, ինչպես է անհրաժեշտ բարելավել պարապողների տեխնիկատակտիկական պատրաստականության մակարդակը և այլն: Ի դեպ, սեմինարի բոլոր մասնակիցներն իրենց հետ տարան գծապատկերներ, տեսանյութեր, մեթոդական գրականություն և տեղերում ստացած փորձը, գիտելիքները կհաղորդեն իրենց այն գործընկերներին, ովքեր սեմինարի մասնակիցների թվում չեն եղել:
Հետաքրքիր է, թե սեմինարի ժամանակ ներկայացվե՞լ են այնպիսի բաներ, որոնց մեր մարզիչներն անտեղյակ են եղել: Հարություն Մելքոնյանը հայտնեց, որ բոլոր մարզիչներն էլ ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ են, և հանդբոլի հետ կապված այնպիսի բաներ չկան, որոնց քաջատեղյակ չլինեն: Բայց գործնական պարապմունքների կազմակերպման, հատուկ վարժությունների հանձնարարման հարցերում մի շարք նորություններ եղել են, և դրանց մեր մարզիչները նոր են ծանոթացել:
Ի դեպ, վերջերս Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան Հայաստան էր գործուղել բարձրակարգ չեխ մասնագետի, որը Երևանում սեմինար պարապմունքներ էր կազմակերպել մեր մարզիչների համար: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը պարզաբանեց, որ դա աջակցության «Սմարթ» ծրագրով էր, որի նպատակն էր բարձրացնել հանրակրթական դպրոցներում ստեղծված հանդբոլի խմբերի հետ պարապող մարզիչների որակավորումը:
Եվ քանի որ Հայաստանում վեց մարզիչ ունենք, ովքեր մարզում են 12 խմբի, ապա նպատակահարմար էր համարվել առիթն օգտագործել և սեմինարին մասնակցելու հնարավորություն տալ ավելի մեծ թվով մասնագետների, քանի որ հետագայում այդ ցանցն ընդլայնվելու է: Ինչ վերաբերում է վերջին սեմինարին, ապա նշվեց, որ դրա օգտակարությունը շատ մեծ է, և եթե հնարավոր լիներ այդպիսի սեմինարներ տարվա ընթացքում թեկուզ տասնյակ անգամ կազմակերպել, ապա մեր մասնագետները շատ բանով կշահեին:
Հ. Մելքոնյանը տեղեկացրեց նաև, որ պայմանավորվել են Մուհամեդ Քալեդ Աբդել Քադեր Հասան Համուտի հետ, որ հաջորդ տարի Եգիպտոսի ներկայացուցիչները մասնակցեն Հայաստանում կազմակերպվելիք` վարչապետի գավաթի խաղարկության միջազգային մրցաշարին: Նախատեսվում է, որ այն կկայանա կանանց հավաքականների միջև: Եգիպտոսցիներն էլ հրավեր են ուղարկելու, որպեսզի մեր երկրի կանանց ընտրանին մասնակցի իրենց երկրում անցկացվող կանանց միջազգային մրցաշարին: Եգիպտոսցի մասնագետին հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի պատվոգիր և հուշանվերներ հանձնվեցին: Ի դեպ, նա ցանկություն հայտնեց կրկին Հայաստան այցելելու և հայերեն սովորելու համար բառարան խնդրեց:
Ինչ վերաբերում է հայկական հանդբոլում ներկայումս տիրող իրավիճակին, ապա հարաբերական անդորր է: Բանն այն է, որ թեև այժմ մրցումներ չեն անցկացվում, սակայն մերոնք նախապատրաստվում են սեպտեմբերին Երևանում կայանալիք վարչապետի գավաթի խաղարկության միջազգային մրցաշարին: Ընդ որում` արդեն հաստատել են, որ պատվիրակներ են գործուղելու Բելառուսի ներկայացուցիչները: Մասնակցելու են հավակնում նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հավաքականները:
Ընդ որում` Բելառուսի ներկայացուցիչներն ուժեղ թիմ են պատրաստվում մրցասպարեզ հանել, և այն գլխավորելու է օլիմպիական խաղերի չեմպիոն Ալեքսանդր Շևցովը: Ամենայն հավանականությամբ, այս անգամ մրցաշարը կկազմակերպվի մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում, քանի որ Երևանի «Դինամո» դահլիճի վիճակը ներկայումս բարվոք չէ: Ամեն բան նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակով, և մարզասերներն ուշագրավ հանդիպումների ականատեսը կդառնան:
Ընդ որում` այդ փորձությանը Հայաստանի հավաքականը ներկայանալու է մարտական կազմով: Ֆրանսիայից Հայաստանի հավաքականի կազմում կընդգրկվեն այդ երկրում բնակվող և մրցելույթներ ունեցող 10-11 մեր հայրենակիցներ, 6 մարզիկ էլ նրանց կմիանա Հայաստանից: «Խնդիրն այն է, որ ֆրանսիացի մեր լեգեոնականները մրցաշարի մեկնարկից 7-8 օր առաջ Երևան ժամանեն, որպեսզի միասնական հավաքականը կարողանա համատեղ պարապմունքներ անցկացնել: Այժմվանից գովազդի, հովանավորների հետ կապված հարցերի լուծման մասին ենք մտածում, որպեսզի կարողանանք պատվով դուրս գալ այդ փորձությունից: Վարչապետի գավաթը կխաղարկվի երկրորդ անգամ»,- ասաց Հ.Մելքոնյանը:
 

Վարչապետի գավաթ

Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորում կկայանա Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հավաքականները:

OnLine

We have 15 guests online

English (United Kingdom) Armenian Russian (CIS)

Կարևոր նորություններ

Տեսանյութեր

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը Հ2 հեռուստաալիքի հյուր
 

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը Շանթ հեռուստաալիքի հյուր


Դիտել
.

Վերջին Մրցաշարը

Մրցաշարի նկարները կարող եք դիտել ֆոտո արխիվ էջում