| Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՄԵՐՈՆՑ |
| Monday, 31 May 2010 23:38 |
|
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած մինչև 18 տարեկան հանդբոլիստների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարից առաջ արդեն հայտնի էր, որ այս անգամ Հայաստանի ներկայացուցիչներին հաջողությունն ուղեկից չի կարող լինել: ![]() Վիճակահանությունը կույր է և մեր ընտրանին հայտնվել էր հենց այն երկու խմբերից մեկում, որում պայքարը շարունակելու էր միայն մեկ թիմ: Իսկ մյուս յոթը խմբերում այդ իավունքն ստանալու էին առաջին երկու տեղերը զբաղեցնողները: Բացի այդ, ճակատագրի քմահաճույքով մերոնց մրցակիցներն էին հանդբոլային այնպիսի երկրների հավաքականներ, ինչպիսին են Հունաստանը, Բուլղարիան: Իսկ Սերբիայի ընտրանին նախորդ տարվա այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության հաղթողն էր: Եվ այս ամենից դժվար չէր պատկերացում կազմել մեր մրցակիցնմերի ներուժի մասին: Ահա, այդ ամենը քիչ էր, տեղում կատարված վիճակահանության արդյունքով պարզվել էր, որ Հայաստանի նրկայացուցիչները առաջինն են սկսելու մրցաշարը և միջոցառման բացման հանդիսավոր արարողությունից հետո, հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճում խաղալու են կազմակերպիչ երկրի ընտրանու` Սերբիայի հավաքականի հետ: Հրաշք չկատարվեց: Հայաստանի հավաքականը պարտվեց 9:52 հաշվով: Մեր երկրի ներկայացուցիչները հետո էլ զիջեցին Բուլղարիայի (12:39), Հունաստանի (8:38) իրենց հասակակիցներին: Ովքեր քաջածանոթ են հանդբոլին, ապա տեղյակ են, որ այս մարզաձևում, եթե անգամ թիմերն իրարից ուժով մի փոքր տարբերվում են, ապա կարող են այնպիսի հաշվներ արձանագրվել, որ դարպասները խփած և բաց թողած գնդակների տարբերությունը մի քանի տասնյակ լինի: Հանդբոլը դինամիկ խաղ է, և մի քանի վայրկյանում կարելի է գնդակներ խփել մրցակցի դարպասը, նաև սեփականն ընդունել: Այնպես որ, ինչպես հոկեյում, այստեղ էլ դարպասները խփված, կամ բաց թողնված գնդակների առատությունը սովորական երևույթ է համարվում: Ի դեպ, մեր խմբի մյուս հանդիպումներում ևս խոշոր հաշիվներ են գրանցվել: Մասնավորապես, սերբերը նույնպես տպավորիչ հաղթել են Հունաստանի (36:16), Բուլղարիայի (36:21) հավաքականներին: Հունաստանի ներկայացուցիչներն էլ 36:21 հաշվով առավելության են հասել բուլղարացիների նկատմամբ: Ընդ որում, մյուս խմբերում ևս նույն պատկերն է: Մասնավորապես, 9-րդ խմբում ընդգրկված Վրաստանի հավաքականը երկու խաղ է անցկացրել: Այս խմբում երեք թիմ է: Եվ Վրաստանի ներկայացուցիչները 24:51 և 26:50 հաշիվներով զիջել են Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականներին ու Հայաստանի հավաքականի նման հայտվել են վերջին տեղում: Մինչդեռ, հանդբոլը Վրաստանում մեծ ավանդույթներ ունի, նրկայումս էլ պետության կողմից լավ պայմաններ են ստեղծված և ֆինանսական մեծ միջոցներ են հատկացվում մարզաձևը զարգացնելու համար: Ի դեպ, Ուկրաինայի նման հանդբոլային երկիրը, հանդես գալով 4-րդ խմբում, բավարարվել է սոսկ 3-րդ տեղով և իրավունք չի ստացել պայքարը շարունակելու: Ինքնին հարց կարող է առաջանալ, թե իմաստ ունե՞ր մասնակցել այսպիսի ուժեղ ստուգատեսին, առավելևս, երբ նախապես հայտնի էր, որ մերոնք «մահվան» խմբում են հայտնվել և չեն կարող ջրից չոր դուրս գալ: Այս հարցին միանշանակ պատասխան գտնելը դժվար է, սակայն այն, որ Հայաստանի այս տարիքի հանդբոլիստների հավաքականն այս անգամ ավելի վստահ է հանդես եկել, քան Իտալիայում կայացած նախորդ ստուգատեսում, արդեն դրական փաստ է: Բացի այդ, մերոնք գործնականորեն հաստատել են, որ որոշակի մակարդակի հանդբոլ ունենք: Իսկ դա նշանակում է, որ Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել մեր այս մարզաձևի ներկայացուցիչներին և տարբեր ծրագրերով, նաև գույքային, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան աջակցություն է դրսևորվելու: Իսկ այս և խոշորամասշտաբ մյուս ստուգատեսները բաց թողնելու, արհամարհական վերաբերմունք դրսևորելու դեպքում, Եվրոպայի, նաև Միջազգային հանդբոլի ֆեդերացիայի մոտեցումն էլ համարժեք կլինի: Իսկ պարտություններները օգտակար կարող են լինել այն առումով, որ կատարվածից դասեր քաղվեն, համապատասխան քայլեր ձեռնարկվեն: Նոր ենք սկսել պարբերաբար Եվրոպական առաջնությունների մասնակցել և արդյունքը դրական կարելի է համարել, եթե նախորդ ստուգատեսի համեմատ առաջընթաց կա, թեկուզ այն առումով, որ մերոնք մրցակիցներին սկսել են պարտվել ոչ այնպիսի խոշոր հաշիվներով, որոնք եղել են նախկինում: Ի դեպ, առաջին անգամ Հայաստանի պատանեկան հավաքականի կազմը համալրել էին Ֆրանսիայում բնակվող և մրցելույթներ ունեցող 6 մեր հայրենակիցներ: Նրանց մրցավայր էր ուղեկցել մարզիչ Պատրիկ Օթամյանը: Բարդությունն այն է, որ այդ պատանիները սովորում են և հնարավորություն չէին ունեցել մեր երկրի հավաքականի հետ համատեղ պարապմունքներ և մարզումներ անցկացնել: Վիճակը ծանրացել էր նաև նրանով, որ այդ խաղացողները հայերեն չեն խոսել: Այսինքն, իրենց խաղընկերների հետ հաղորդակցվել չեն կարողացել, էլ չենք ասում, որ մարզիչների հրահանգները լավ չեն հասկացել: Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչներ` երևանցի Զեփյուռ Վանեսյանը, վանաձորցի Արարատ Բարսեղյանը, որպեսզի ստուգատեսում լեզվական պատնեշի խնդիր չառաջանա, թիմի խաղացողներին հրահանգավորելու պարտականությունը վսահել են իրենց միացած գործընկերոջը` Պատրիկ Օթամյանին: Վանեսյանը հայտնեց, որ դա էլ չի փրկել: Նախ, խաղացողների միջև փոխահամագործակցությունն այն չի եղել, քանի որ թիմի անդամները միասին ընդամենը երկու պարապմունք են անցկացրել, ապա մեր հայրենակիցները խաղի ընթացքում դժվարացել են հստակ հասկանալ, թե ինչ է պահանջվում իրենցից անել: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ նրանց ասել են, որ առաջ գնան, բայց ետ են շարժվել: Եվ հակառակն էլ է կատարվել` նահանջելու փոխարեն` հանդբոլիստներից ոմանք հարձակվել են: «Հրավիրված մարզիկները Հայաստանում պարապող հանդբոլիստներից ավելի բարձրահասակ են: Նրանցից չորսը լավ վարետություն ունեն: Իսկ գլխավորն այն է, որ բոլորն էլ, չնայած հայերենին չէին տիրապետում, սակայն շատ հայրենասեր են, անմնացորդ նվիրումով էին խաղում: Եվ մեր լեգեոնականները հպարտությամբ էին կրում Հայաստանի հավաքականի շքերթային մարզազգեստը, այն հագներից չէին հանում: Իսկ մի քանի օրվա ընթացքում փորձում էին հայերեն խոսել: Եվ դրանից իրենց շատ ոգևորված էին զգում, իսկ այդ ուրախությունը փոխանցվում էր նաև Հայաստանում բնակվողներիս և մասամբ փարատում այն տխրությունը, որը լինում էր տանուլ տված խաղերից հետո»,- ասաց Վանեսյանը: Մեր թիմի կազմում ամենից շատ գնդակ մրցակիցների դարպասը խփել է Ստեփան Ղազարյանը` 14: Մարզիչը հայտնեց, որ առաջնությունը լավ է կազմակերպվել, մրցավարներն կողմնակալություն չեն դրևորել, իսկ մեր երկրի պատանիների անհաջողության գլխավոր պատճառներից մեկն այն համարեց, որ նրանք իրենց մրցակից թիմերի խաղացողներին ակնհայհտորեն զիջել են ֆիզիկական տվյալներով: Մինչդեռ, հակառակորդների հավաքականների կազմերում խաղացել են այնպիսի հանդբոլիստներ, ովքեր նմանվել են մեր երկրի օլիգարխների թիկազորի աշխատակիցներին: Թերևս, խանգարել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականի անդամների մեծ մասը 16 տարեկան է եղել, այսինքն մրցակիցներից փոքր: Մերոնք զիջել են նաև հասակով: Հայաստանի հավաքականի ամենաբարձրահասակ խաղացողը եղել է Ֆրանսիայից հրավիրված դարպասապահ Բաստիեն Մարկոսյանը: Ընդ որում, վերջինս և մեր թիմի հայաստանցի դարպասապահ Հայկազ Մանուկյանը մասնակցել են բոլոր խաղերին: Ֆրանսիացի լեգեոնականներից միայն երկուսը մեր հավաքականի հիմնական կազմում չեն ընդգրկվել: Մերոնք չեն ունեցել բարձրակարգ գծային խաղացող: Եվ իր պատրաստականությամբ այդ բացը չի կարողացել լրացնել Ֆրանսիայից հրավիրված Կլեման Օթամյանը: «Մեր խաղացողները մեծ ուժեր ներդրեցին Սերբիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ և դրանից հետո բուլղարացիների հետ ակցկացրած խաղում զգացնել տվեց հոգնածությունը: Հունաստանի հավաքականն էլ Բուլղարիայի թիմից ուժեղ էր: Լեզվի խնդիրն էլ կար: Ստիպված Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներին հայերեն մի քանի արտահայտություններ սովորեցրեցինք, որոնք խաղի ժամանակ հաճախակի են կիրառվում` դուրս արի, հետ իջի, պաշտպանվի: Բայց այդ ամենն այնքան էլ չօգնեց: Իսկ եզրակացությունն այն է, որ մեր հավաքականն առանց բարձրահասակ խաղացողների չի կարող հաջողություն ակնկալել այս կարգի մրցաշարերում, պետք է նաև ֆիզիկապես ավելի լավ պատրաստ լինել: Ի դեպ, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հնարավորն արել էր, որպեսզի հավաքականը լրջորեն նախապատրաստվի: Այն ուսումնամարզական պարապմունքներ, ստուգողական խաղեր էր անցացրել Երևանում, Վանաձրորոմ, նաև երկու անգամ Թբիլիսի ենք մեկնել, համատեղ մարզվել ու մրցել Վրաստանի պատանեկան հավաքականի հետ, Վրաստանի հավաքականին էլ հյուրընկալել ենք Երևանում: Բայց դա էլ բավարար չէր: Հայաստանի ընտրանին միջազգային 4 խաղի է մասնակցել, մինչդեռ, մեր մրցակիցները տարեկան 40-50 հանդիպում են անցկացնում: Կարծում եմ նաև, որ եթե մեր թիմը Ֆրանսիայից մեզ միացած հանդբոլիստների հետ համատեղ պարապմունքներ անցկացրած լիներ, դա էլ կօգներ: Խաղային փորձը շատ կարևոր է, այդ է պատճառը, որ անհրաժեշտ է հնարավորություն գտնել, որ մեր մարզիկները Եվրոպայի առաջնությունից առաջ միջազգային հնարավորինս շատ խաղեր անցկացնեն»,-պարզաբանեց Վանեսյանը: |
Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորում կկայանա Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հավաքականները: