| Փորձություն Ավետյաց երկրում |
| Չորեքշաբթի, 03 Մարտ 2010 09:27 |
![]() Հանդբոլիստուհիների Հայաստանի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում Ավետյաց երկրում: Մեր ընտրանին մարտի 18-21-ը Իսրայելում մասնակցելու է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին: Այս ստուգատեսում հանդես են գալու Իսրայելի, Կիպրոսի,Մալթայի, Հայաստանի հավաքականները:
![]() Խաղից հետո հավաքականների մարզիչներն ահա թե ինչ ասացին. ԱՍՏՂԻԿ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ (կանանց Հայաստանի հավաքականի խաղացող մարզիչ).- Կարելի է ասել, որ հավաքականը 80 տոկոսով պատրաստ է մրցաշարին: Թիմի կազմը համալրելու են Ֆրանսիայում հանդես եկող մեր 4 հայրենակցուհիներ: Նրանցից բարձրակարգ է հատկապես դարպասապահը` Մարին, որը խաղացել է Ֆրանսիայի պատանեկան հավաքականում: Նա ներկայումս 21 տարեկան է: Հարձակման գծի ձախ անկյան փորձառու խաղացող է Նաթալին: Վերջերս, երբ Ֆրանսիայում էինք, այս երկու մարզուհիների խաղը դիտել ենք, իսկ մյուս մարզուհիներին երաշխավորել են Ֆրանսիայում աշխատող մեր գործընկերները: Թիմը կարիք ունի հարձակման աջ անկյան եւ հետեւի գծի մեկական լավ խաղացողների: Կարծում եմ, մեր հայրենակցուհիներն այդ բացերը կլրացնեն: Իսկ ես հանդես կգամ նաեւ որպես փոխարինող դարպասապահ: Մեր թիմը երիտասարդական կազմ ունի` 17-26 տարեկան խաղացողներ: Հավաքականի հնաբնակներից, ինձանից բացի, խաղալու է նաեւ Գայանե Միքայելյանը: Ես դասավանդում եմ ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եւ հավաքականի խաղացողների մեծ մասն էլ մեր բուհի ուսանողուհիներ են: 4 մարզուհի Շենգավիթի համայնքի թիվ 1 մարզադպրոցից են: Իսկ Թամար Պետրոսյանը ներկայացնում է Արցախը: Մեր խաղացողները բարձրահասակ չեն: Հայաստանի հավաքականի միջին հասակը 172 սմ է: Մեր հանդբոլիստուհիներից ամենաբարձրահասակը 175 սմ է: Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհիներն էլ բարձրահասակ չեն: Օրինակ` Մարիի հասակը 176 սմ է: Առաջին անգամ ենք փորձում միասնական հավաքականով հանդես գալ: Վաստահ եմ, որ մեր հավաքականի կազմն ուժեղ կլինի: Ի դեպ, 2006-ին մենք հանդես ենք եկել Բոսնիայում կազմակերպված այս մրցաշարում եւ 5 թիմերի պայքարում գրավել էինք 3-րդ տեղը: Հույս ունենք, որ այս անգամ ավելի բարձր արդյունք ցույց կտանք: Հավելեմ, որ խմբից պայքարը շարունակելու է միայն առաջին տեղը գրաված հավաքականը: Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա, ամենայն հավանականությամբ, ամենաուժեղը կլինի Իսրայելի հավաքականը: Նախկինում` 2006-ին, Բոսնիայում մրցել ենք Կիպրոսի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում հավասար արդյունք էր գրանցվել, եւ միայն խաղավերջում էինք զիջել մրցակցին: Իսկ Մալթայի հավաքականը մեզ անծանոթ է: Հայաստանի հավաքականը պարապմունքներն անցկացնելու հարցում խնդիրներ չունի: Մինչեւ մրցաշարի մեկնարկը նախատեսվում է անցկացնել 12-օրյա ուսումնամարզական հավաք: Ապա կմեկնենք Թբիլիսի, այնտեղից էլ կուղեւորվենք մրցավայր: ![]() ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ (պատանիների Հայաստանի հավաքականի մարզիչ).- Ինքս Վանաձորից եմ, սակայն ինձ օգնում է երեւանցի իմ գործընկեր Զեփյուռ Վանեսյանը: Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում 7-ական ներկայացուցիչներ են Երեւանից, Վանաձորից, 2 մարզիկ` Գյումրիից: Դա մի փոքր դժվարացնում է աշխատանքը, բայց առանց այդ ամենի հաղթահարման` հնարավոր չէ արդյունքի հասնել: Շաբաթվա տարբեր օրերին վանաձորցիների հետ ես պարապում եմ Վանաձորում, Վանեսյանը Երեւանում է մարզումներ անցկացնում, իսկ գյումրեցիների հետ պարապում է Ալվարդ Գրիգորյանը: Հանգստյան օրերին հավաքականի անդամները համատեղ են մարզվում Երեւանում կամ Վանաձորում: Հավաքականն ապահովված է մարզագույքով, հանդերձանքով, գնդակներով: Ներկայիս փուլի համար նախապատրաստական վիճակը բավարար է: Թիմը մեծ ներուժ ունի, քանի որ վերջերս այն Վրաստանում կազմակերպված միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը: Սակայն հավաքականի խաղացողների մեծ մասը 16 տարեկան է, մինչդեռ, Եվրոպայի առաջնությունում խաղալու են մինչեւ 18 տարեկան հանդբոլիստներ: Սկսած դարպասապահից` թիմի բոլոր օղակներն էլ համալրման կարիք ունեն: Եթե Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների թվում լավ խաղացողներ լինեն, կկարողանանք պատվով դուրս գալ այդ փորձությունից: Իսկ մեր մրցակիցներն են լինելու Սերբիայի, Բուլղարիայի, Հունաստանի հավաքականները: Խնդիր ենք դնելու առնվազն խմբում զբաղեցնել 3-րդ տեղը:
|

Սեպտեմբերի 2-4-ը Վանաձորում կայացած Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի միջազգային երկրորդ մրցաշարում, որին մասնակցեցին Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հավաքականները, մեր երկրի ներկայացուցիչները, իրենցից առաջ թողնելով միայն Բելառուսի ընտրանուն, զբաղեցրին երկրորդ տեղը:
Հասցե: Հասցե` Հայաստան, Երևան, Ագաթանգեղոսի 6
Հեռախոս: (37410) 54 66 96
Ֆաքս: (37410) 54 66 96
Էլ. փոստ: info@armhandball.am