Վերջին հարցազրույց
20.06.2009 12:00
 Sample image

Եվրոպայում` միասնական հավաքականով

Հայկական հանդբոլում աշխուժություն է. ուշագրավ միջոցառումները հաջորդում են իրար: Սպասվում են նաեւ միջազգային փորձություններ: Այդ մասին զրուցեցինք Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզկուլտուրայի հայկական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

- Սպասելիքներն իրականացա՞ն օրերս Վանաձորում կազմակերպված Հայաստանի մինչեւ 16 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունների առաջին շրջանի մրցաշարերում:
- Պատանիների 9 թիմ էր պայքարի ոլորտ ներգրավվել: Դա հայկական հանդբոլի համար ռեկորդային թիվ է: Իսկ աղջիկների առաջնությանը մասնակցեց 6 ակումբ: Ցավոք, երկու առաջնություններին խաղացողներ չէր գործուղել Գյումրին: Հայաստանի երկրորդ քաղաքը մարզական համարում ունի: Աշխատում են նաեւ հանդբոլի մարզիչներ: Ընդ որում` այս մարզաձեւը Գյումրիում ավանդույթներ է ունեցել: Թե որն է խաղից դուրս մնալու պատճառը` դժվարանում եմ ասել: Երեւույթը տգեղ է եւ կարող է շղթայական ռեակցիայի նման շարունակվել: Առաջիկայում անցկացվելու են նաեւ Հայաստանի մինչեւ 13 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունները: Ի դեպ, նախատեսվում է, որ դրանց կմասնակցեն պատանիների 12 եւ աղջիկների 10 թիմ: Փաստերը խոսուն են եւ վկայում են այն մասին, որ այս մարզաձեւում մասսայականություն կա, ու հերթափոխը շարունակվում է: Ի դեպ, Վանաձորում կայացած մրցումներում իրենց նորամուտը նշեցին հանդբոլում Գեղարքունիքի պատանիների եւ աղջիկների թիմերը: Առաջին անգամ հանդես եկավ աղջիկների Ստեփանավանի թիմը, նաեւ` Նորք-Մարաշ համայնքի պատանիների թիմը: Ընդ որում` վերջինս իր օգտին երկու հաղթանակ գրանցեց: Պատանիների եւ աղջիկների մրցաշարերում առաջին տեղերը գրավեցին Վանաձորի եւ Շենգավիթի հավաքականները: Կատարվածը թեեւ օրինաչափ էր, այդուհանդերձ, հոկտեմբերին կայանալիք երկրորդ շրջանի մրցաշարում սուր պայքար է ակնկալվում:

- Անդրադառնանք առաջիկա խնդիրներին:
- Հայաստանում իրականացվում է հանդբոլի զարգացման «Սմարթ» ծրագիրը, եւ վեց մարզիչ այդ մարզաձեւի գաղտնիքներում հմտացնում են պատանիների եւ աղջիկների դպրոցական երկուական խմբի: Ընդհանուր հաշվով 12 խումբ է: Եվ ահա, այդ ծրագրի շրջանակում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան Հայաստան է գործուղելու փորձառու չեխ մասնագետ Մարտին Տումային, ով տեսական եւ գործնական պարապմունքներ կանցկացնի հիմնականում հանդբոլի երիտասարդ մարզիչների հետ: Մայիսի 14-ին նա Երեւան է ժամանելու: Հրավիրվել են Հայաստանի բոլոր մարզերից: Շուրջ երեք տասնյակ մարզիչ կմասնակցի այդ սեմինարին, վերջում նրանք հավաստագրեր կստանան: Ի դեպ, մեր երկրի ազգային օլիմպիական կոմիտեն նախատեսում է հուլիսին Հայաստանում հանդբոլի մարզիչների համար կազմակերպել 10-օրյա սեմինար: Արդեն հայտնի է, որ դասընթացը վարելու համար մասնագետ է գալու Սիրիայից: Միջոցառմանը, որ կայանալու է Վանաձորում, կմասնակցեն դարձյալ երեք տասնյակ մարզիչներ: Ընդ որում, դրա ավարտից հետո Հայաստանի մասնագետները քննություն կհանձնեն եւ մարզչական կարգ կստանան:

- Պարտադի՞ր պահանջ է, որ մարզիչներն աշխատելու համար միջազգային արտոնագիր ունենան:
- Ճիշտ է, համապատասխան կրթություն ունեցող մասնագետներին իրավունք է տրվում Հայաստանում մարզչական աշխատանք կատարել, սակայն նույն բանը նրանք արտասահմանյան երկրներում կդժվարանան անել: Եվ ահա, համապատասխան միջազգային արտոնագրերի առկայությունը մեր մարզիչներին կօգնի լրացնել այդ բացը, աշխատել ու հնարավորություն ունենալ նաեւ արտասահմանում:

- Իսկ ի՞նչ է արվում լողափնյա հանդբոլի մասնագետներ պատրաստելու ուղղությամբ:
- Անցյալ տարի Հայաստանում առաջին մարզչական սեմինարն անցկացրեց Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոբարովիչը: Դիմել ենք Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիային, որպեսզի այս տարի եւս այդ մասնագետին Հայաստան գործուղի, եւ կրկին սեմինար կազմակերպենք: Սակայն առայժմ եղանակը մեր երկրում փոփոխական է, տաք օրերն ասես ուշանում են: Մինչդեռ, տեսական եւ գործնական պարապմունքներ կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ նախապատրաստական աշխատանք կատարվի, համապատասխան խաղահրապարակ սարքավորվի Գեղարքունիքում: Այնպես որ, առայժմ սպասում ենք նպաստավոր օրերին: Եվ առաջիկայում, եղանակի լավացման հետ մեկտեղ, ամեն բան կկարգավորվի ու դարձյալ սեմինար կանցկացվի: Կարծում եմ, որ այդ սեմինարին մասնակցելուց հետո մեր մարզիչները կկարողանան ինքնուրույն աշխատանք կատարել, թիմեր կկազմավորվեն, նաեւ դրանք կմասնակցեն միջազգային ստուգատեսների:

- Իսկ դասական հանդբոլի Հայաստանի ներկայացուցիչները միջազգային որեւէ մրցաշարի չե՞ն մասնակցելու:
- Մայիսի 20-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկելու է մինչեւ 18 տարեկան հանդբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին միեւնույն խմբում են ընդգրկված նաեւ Սերբիայի, Բուլղարիայի, Հունաստանի հավաքականները: Պայքարը շարունակելու իրավունք է ստանալու միայն մեկ հավաքական եւ, առաջին տեղի համար սուր մրցակցություն է սպասվում: Ընդ որում` բոլոր երկրներն էլ հանդբոլային են, եւ ուժեղ հավաքականներով են մրցավայր ներկայանալու: Հայաստանի հավաքականը տարեսկզբից նպատակային նախապատրաստվում է: Թիմի անդամների մի մասը մարզվում է Վանաձորում, մյուս մասը` Երեւանում, իսկ հանգստյան օրերին հավաքականը համատեղ մարզումներ է անցկացնում, ստուգողական հանդիպումներ Վանաձորում կամ Երեւանում: Առաջիկայում նախատեսվում է ստուգողական միջազգային չորս հանդիպում անցկացնել Վրաստանի ներկայացուցիչների հետ: Հարեւան երկրի հանդբոլիստների ընտրանին մայիսի 13-17-ը Երեւանում է լինելու: Կկազմակերպվեն նաեւ համատեղ ուսումնամարզական պարապմունքներ: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի պատանեկան հավաքականը հետո էլ կմեկնի Վրաստան` դարձյալ համատեղ պարապմունքներ եւ ընկերական հանդիպումներ անցկացնելու համար: Նախատեսվում է եւս չորս խաղ: Երեւանում փոքր մրցաշար կկայանա, որին կմասնակցի նաեւ Հայաստանի մեծահասակների հավաքականը: Ի դեպ, հանդբոլի Վրաստանի հավաքականը բավականին ուժեղ է, տեխնիկապես եւ ֆիզիկապես լավ պատրաստված: Մեր նպատակն է, որ Հայաստանի պատանեկան հավաքականը կազմուպատրաստ ներկայանա Բելգրադ: Ի դեպ, Հայաստանի պատանեկան հավաքականին միանալու են Ֆրանսիայում բնակվող եւ մրցելույթներ ունեցող մեր վեց հայրենակիցներ: Այնպես որ, Հայաստանի հավաքականը մարտական կազմ կունենա: Թերեւս, մեր միակ խնդիրն այն է եղել, որ հնարավոր չի եղել համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնել: Այնպես որ, Հայաստանի հավաքականը վերջնականորեն կձեւավորվի միայն ստուգատեսի մեկնարկից առաջ: Մեր հայրենակիցները Ֆրանսիայից են ժամանելու Բելգրադ: Ընդ որում` խնդիրը ֆինանսական չէր: Խանգարողն այն հանգամանքն է, որ մեր հայրենակիցները սովորում են ուսումնական տարբեր հաստատություններում եւ չեն կարող դասերը բաց թողնել: Խաղերը կայանալու են մայիսի 21-24-ը:

- Ի՞նչ ակնկալիքներ կան մեր մարզիկներից:
- Մերոնց համար դժվար է լինելու: Ի դեպ, եվրոպական 5 խմբերում վիճարկվում է երկուական ուղեգիր, միայն երկու խմբում է, որ մեկական ուղեգիր է խաղարկվում: Եվ հայի բախտ է, որ մենք հայտնվել ենք հենց վերջիններից մեկում: Այնպես որ, մերոնց խնդիրն է լինելու արժանի դրսեւորել իրենց:

- Ովքե՞ր են մեր թիմի մարզիչները:
- Երեւանից` Զեփյուռ Վանեսյանը, Վանաձորից` Արարատ Բարսեղյանը, Ֆրանսիայից` Պատրիկ Օթամյանը: Առայժմ համակարգված աշխատում է մարզչական խորհուրդը: Վերջում կորոշվի, թե ով է կատարելու գլխավոր մարզչի պարտականությունը: Պատվիրակության ղեկավարը Երեւանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Ղազարյանն է:

- Այս ստուգատեսով մերոնց միջազգային փորձությունները 2010-ի կավարտվե՞ն:
- Սեպտեմբերի 1-5-ը կայանալու է Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության մրցաշարը, որին մեր երկրի ներկայացուցիչներից բացի` մասնակցելու են Իրանի, Վրաստանի հանդբոլիստները: Հրավերներ են ուղարկվել նաեւ Ռուսաստանի, Բելգիայի, Չեխիայի ներկայացուցիչներին:

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

7 ՄԱՅԻՍԻ, «ԵՐԿԻՐ»

Խնդիրներ Վրաստանում եւ Իսրայելում
Մարզասերները տեղյակ են, որ Իսրայելում կայացած հանդբոլիստուհիների «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են բրոնզե մեդալների: Կատարվածն արժեւորվում է այն հանգամանքով, որ Հայաստանի թիմային խաղային մարզաձեւերի (վոլեյբոլ, բասկետբոլ եւ այլն) ներկայացուցիչները, որպես կանոն, բաց են թողնում ազգային հավաքականների մակարդակով կազմակերպվող եվրոպական ստուգատեսները: Լավագույն դեպքերում մերոնք նախկինում խայտառակ պարտություններ են միայն կրել: Մինչդեռ մեր մարզուհիներն իրենց արժանիորեն դրսեւորեցին հանբդոլից համարում ունեցող երկրների հետ մրցավեճում: Վերադարձից հետո խնդրեցինք տպավորությունները կիսել հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, այս ստուգատեսում մեր երկրի հավաքականի ղեկը ստանձնած` ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոֆեսոր Հարություն Մելքոնյանին:
- Քանի որ Հայաստանից Իսրայել չվերթ չկար, ճանապարհը հոգնեցնող էր: Երեւանից դուրս եկանք գիշերով: Ավտոբուսն հարմարավետ էր, սակայն մաքսատներում, Հայաստանի եւ Վրաստանի սահմանն անցնելիս, մի շարք խնդիրների բախվեցինք: Բացի դրանից` Թբիլիսիի օդանավակայանում 5 ժամ մնացինք: Մեր վիզաների հետ հարցեր առաջացան: Այդ ամենը նյարդայնացնում էր: Ի վերջո, թույլատրեցին մեզ ուղեւորվել Իսրայել, այն պայմանով, որ այդ երկրում մեզ մուտքի թույլտվություն կտան: Թել Ավիվում էլ այլ հարց ծագեց: Թիմի վեց խաղացողներ եւ ես Իրանում էինք եղել, երբ միջազգային մրցումներ էին կազմակերպվել: Եվ երբ այդ երկիր այցելելու մասին մեր անձնագրերում գրառումներ տեսան, դարձյալ խնդիր առաջացավ: Մեզ չէին ցանկանում թույլատրել, որ Իսրայել մուտք գործենք: Ստիպված էինք մեր թարգմանչի օգնությամբ երկու ժամ բանակցել: Ի վերջո, կապ հաստատեցին Իսրայելի ներքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ: Առաջարկվեց, որ մեր անձնագրերում լրացուցիչ սեւ կնիք դրվի: Դրանից հետո մեզ թույլատրեցին այցելել Իսրայել, փոխարենը մեր առջեւ փակվեցին Իրանի դռները: Մնացածը շատ նորմալ էր: Մեկ անգամ էլ փորձեցի համոզել, որ թույլատրեն խաղալ Մարի Կազգանջյանին` Ֆրանսիայից մեզ միացած 23-ամյա փորձառու դարպասապահին: Այդ մասին խոսեցի մրցաշարի գլխավոր մրցավարի հետ, որը Թուրքիայից էր: Նա այդ երկրի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ: Սակայն բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Այնպես որ, ստիպված էինք հույսներս դնել այն ուժերի վրա, որ մենք ունեինք:


- Առաջին խաղում, փաստորեն, բախտը դավաճանե՞լ է:
- Այո: Կիպրոսի հավաքականն ուժեղ է: Կանանց 16 թիմ է մասնակցում այդ երկրի բարձրագույն խմբի առաջնությանը, եւ Կիպրոսի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ խաղացողներ էին: Սակայն առաջին խաղափուլում հաղթեցինք երկու գնդակի առավելությամբ: Թեեւ Հայաստանի հավաքականում շարունակ նույն խաղացողներն էին մարզահրապարակում, այդուհանդերձ, խաղավարտից 13 րոպե առաջ հաղթում էինք: Եվ կատարվեց անցանկալին, վնասվածք ստացավ մեր թիմի դարպասապահը` Գյուրջինյանը: Իրականում խաղացող-մարզիչ Աստղիկի ֆիզիկական պատրաստականության մակարդակը բարձր չէ, քանի որ մինչեւ վերջ հույս ունեինք, որ Մարին կխաղա: Ինչեւէ, թեեւ պարտվեցինք 27:28 հաշվով, սակայն մեր թիմի խաղից բոլոր առումներով գոհ եմ: Մեր մրցակիցն ուժեղ էր, բացի դրանից` փոխարինողների խնդիր չուներ: Իրականում, եթե չլիներ մեր թիմի դարպասապահի վնասվածքը, Կիպրոսի ներկայացուցիչներին կհաղթեինք:
- Ֆրանսիայից Հայաստանի հավաքականին միացած մեր հայրենակցուհիներն արա՞գ կարողացան մերվել թիմի խաղացողների հետ:
- Ցանկալի էր, որ նրանք Հայաստանի հավաքականում խաղեր անցկացրած լինեին: Այդ ժամանակ թիմի անդամների միջեւ փոխըմբռնումն ավելի լավ կլիներ: Բայց դրա համար ժամանակ չկար, հնարավորություններն էլ սահմանափակ էին: Ինչ վերաբերում է երկրորդ` Իսրայելի հավաքականի հետ հանդիպմանը, ապա թիմի երկրորդ կազմով հանդես եկանք` հնարավորություն տալով խաղալու մեր երիտասարդ հանդբոլիստուհիներին: Առանց փորձառու դարպասապահի, այն էլ` Իսրայելում, այդ երկրի հավաքականին հաղթել մեր ունեցած ուժերով չէինք կարող: Ի դեպ, Իսրայելի հավաքականի կազմում մեծ թվով հրավիրված խաղացողներ կային: Մարզուհիների մեծ մասը զինծառայություն էր անցել կամ էլ զինծառայության մեջ էր: Այսինքն` բոլորն էլ ֆիզիկական բարձր պատրաստականություն ունեին, տիրապետում էին ձեռնամարտին ու հանդիպման ընթացքում այդ ամենը դրսեւորելուց չէին հրաժարվում: Եվ ամենագլխավորը` իսրայելցի մարզուհիները խաղում էին այնպես, ասես իրենց դիմաց ոչ թե մրցակիցներ են, այլ` թշնամիներ: Եվ քանի որ հանդբոլը կոնտակտային խաղ է, Իսրայելի ընտրանու հետ հանդիպման ժամանակ մեր հավաքականի խաղացողներին շարունակ մանրահատակի վրա պառկած կարելի էր տեսնել: Ընդ որում` ոչ միայն Կիպրոսի, Իսրայելի, այլեւ Մալթայի հավաքականը վարկանիշով բարձր էր մեր թիմից, եւ որոշեցինք կենտրոնանալ, բոլոր ուժերը ներդնել այդ հանդիպումը բարձր մակարդակով անցկացնելու համար: Մալթայի հավաքանին թեեւ մերոնք ջախջախեցին, սակայն այդ թիմի կազմում պրոֆեսիոնալ խաղացողներ էին: Կարեւորն այն է, որ մեր նպատակին հասանք: Ի դեպ, Մալթայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ մեր թիմի դարպասը պաշտպանում էր Նաթալի Նալբանդյանը, որն ամենեւին էլ դարպասապահ չէր:
- Իսկ նախկինում նա այդպիսի դերում հայտնվե՞լ էր:
- Գյուրջինյանի վնասվածքից հետո, երբ մեր թիմը ծանր վիճակում հայտնվեց, Ֆրանսիայում բնակվող Նաթալին ասաց, որ պարապմունքների ժամանակ ինքը դարպասապահի դեր կատարել է եւ կփորձի օգտակար լինել թիմին: Իսրայելի հավաքականի հետ հանդիպման ժամանակ նրան փորձարկեցինք այդ դերում: Իսկ Մալթայի ներկայացուցիչների հետ խաղում նա իրեն գերազանց դրսեւորեց` հետ մղելով անգամ 7 մ հեռավորությունից կատարված տուգանային հարվածներ: Այդ է պատճառը, որ մինչեւ խաղավարտ նա մնաց դարպասում:
- Մեր թիմի ո՞ր խաղացողներից եք հատկապես գոհ:
- Արմինե Անտոնյանն առանձնանում էր, նա ուշադրության կենտրոնում էր: Այդ մարզուհին 27 տարեկան է, հանդես է եկել Զապորոժիեի, Վոլգոգրադի թիմերում: Ինչպես հայտնի է, նա ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու, նաեւ` գծային լավագույն խաղացող: Իսկ Լիանա Գրիգորյանը ճանաչվել է Հայաստանի հավաքականի լավագույն խաղացող: Նա 19 տարեկան է: Այս երկու մարզուհիները Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի կողմից պարգեւատրվել են «Ադիդաս» ֆիրմայի հանդերձանքով: Գոհ եմ մարզիչ Աստղիկ Գյուրջինյանից, քանի որ հավաքականի նախապատրաստական աշխատանքը նա էր կատարել:
- Խաղերի ընթացքում բախումներ եղա՞ն: Մրցավարությունն արդա՞ր էր:
- Միայն խաղային իրավիճակներում բախումներ եղան: Մրցավարության հարցում էլ կողմնակալ դրսեւորումներ կային, սակայն դա սովորական բան է: Ի դեպ, այդպիսի դեպքերում մրցավարներից բացատրություն էին պահանջում, փորձում էին նրանց սխալները երեւան հանել Ֆրանսիայից միացած հանդբոլիստուհիները: Այդպիսի հարցերում անհանդուրժող էր հատկապես Մարին, որը մեր թիմի պահեստայինների նստարանին էր տեղ զբաղեցրել: Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհիները բարձրակարգ հանդբոլ են տեսել, քաջատեղյակ են կանոններին եւ, անարդարությունների հանդիպելով, նրանք իրենց զարմանքը, նաեւ բողոքն էին հայտնում: Ի դեպ, մրցավարները սխալվում էին նաեւ իրենց գործին լավ չտիրապետելու պատճառով: Կային նաեւ ոչ բարձրակարգ մրցավարներ, եւ նրանցից ոմանք խաղերը սպասարկում էին իրենց կարգը բարձրացնելու համար: Մրցավարությունից տուժեցինք հիմնականում առաջին խաղում:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
- Թիմը կփորձենք ուժեղացնել արտասահմանից հրավիրված նոր խաղացողներով: Կմիանա Նորվեգիայից 22-ամյա դարպասապահ, հանդբոլիստուհի Վրաստանից: Համալրում է սպասում նաեւ Վոլգոգրադի կանանց ակումբից, որը Ռուսասատանի ներկայիս չեմպիոնն է, եւ որի նախագահը Լեւոն Հակոբյանն է: Նա նաեւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է: Քանի որ այժմ ձեւավորված հավաքական ունենք, հաջորդ տարի կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը:

25 մարտի 2010 թ.. «Երկիր»

 

 

ՀԱՆԴԲՈԼԸ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ

Հարցազրույց` հանդբոլիՀայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ

- Հանդբոլը Հայաստանում սիրված է, սակայն այդ մարզաձևի զարգացմանը խոչընդոտող հանգամանքները ներկայումս շատ են: Ի՞նչ է արվում ստեղծված դրությունից դուրս գալու համար:

- Ի դեպ, մեր տարածաշրջանի բոլոր երկրներում հանդբոլը բարձր խաղմակարդակ ունեցել և ունի, մինչդեռ, Հայաստանում այս մարզաձեւից նախկինում էլ հպարտանալու շատ բան չի եղել: Բավական է միայն այն փաստը, որ ունեցել ենք միայն ԽՍՀՄ կանանց հավաքականի մեկ թեկնածու: 2009-ի մրցաշրջանում 22 միջոցառում է կազմակերպվել: Այդ ծրագիրն այնպես էր կազմված, որ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչները կարողանան իրենց կարողությունները դրսևորել: Մրցումներ են կազմակերխվել ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում, Ալավերդիում, Արցախում: Մեր հիմնական նպատակն է, որ Հայաստանի մեծահասկաների առաջնություններին հնարավորինս շատ ուժեղ թիմեր մասնակցեն: Անկեղծորեն պետք է խոստովանել, որ առայժմ միայն սիրողական թիմեր ունենք, բարձրակարգ մարզիչների պակաս կա: Ցավոք, այս հիմնախնդիրները Հայաստանի խաղային բոլոր մարզաձևերում են առկա: Մեր երկրում հանդբոլով կանոնավոր շուրջ 2000 մարդ է զբաղվում, սակայն բարձրակարգ խաղացողներ չունենք: Այդ է պատճառը, որ շեշտը դրել ենք մանկապատանեկան հանդբոլը զարգացնելու վրա, առանց դրա որևէ արդյունքի հասնել չենք կարող: Այժմ հանդբոլի ֆեդերացիաներ են ստեղծվել Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Գեղարքունիքում, Արցախում: Առաջիկայում այդպիսի կազմակերպություններ կհիմնվեն Սյունիքում, Արմավիրում: 2011-ին արդեն նախատեսվում է Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում անցկացնել ներքին առաջնություններ: Դրանից հետո, ամեն մարզ իր հավաքականով կներկայանա Հայաստանի առաջնությանը, երկու թիմ էլ մրցասպարեզ կհանի Երևանը: Փաստորեն, նպատակային աշխատանք է կատարվում և այդ ճանապարհով կավալանան նաև Հայաստանի առաջնության մասնակից թիմերը:

- Այս տարի մեր հանդբոլիստները միջազգային մրցելույթներ են ունեցել: Ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունքը:

- 21 տարի մեր մարզասերներն այս մարզաձևի միջազգային մրցաշարի ականատես չէին եղել: Վերջին միջազգային մրցաշարը Հայաստանում անցկացվել էր 1968-ին: Այնպես որ, նոր սերնդի ներկայացուցիչներն չգիտեին, թե հանդբոլն ինչ է, առաջին անգամ «կենդանի» տեսան այդ խաղը: Եվ մրացաշարի օրերին Երևանի «Դինամո» մրազասրահը լեփլեցուն էր հանդիսականներով: Ի դեպ, այդ ստուգատեսի բացմանը ներկա գտնվելու նպատակով մեր երկիր էր այցելել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մայքլ Վեդերերը: Հանդբոլի միջազգային կազմակերպությունների այդպիսի պաշտոնյա նախկինում Հայաստանում չէր եղել: Մեր նպտակն է այդ մրցաշարը դարձնել ավանդական: Հայաստանի ներկայացուցիչները Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում էլ մասնակցել են «Չելենջ տրոֆի» միջազգային մրացաշարին: Տեղյակ էինք տղամարդկանց մեր հավաքականի, նաև մրցակիցների կարողություններին, գիտեինք, որ մերոնք պարտվելու են, սակայն հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի գործկոմը որոշեց, որ անպայման պատվիրակներ պետք է ուղարկել:

- Այդ դեպքում`մասանակցությունն ինչո՞վ էր մեր համար օգտակար:

- Իրոք, հարց է առաջանում` եթե թույլ ենք. ապա ինչու ենք գնում: Եթե չխաղանք, այլևս կմոռացվի, որ Հայաստանը կապ ունի հանդբոլի հետ, ոչ մեկի համար մենք այլևս հետաքրքրություն չենք ներկայացնի: Ի դեպ, մասնակցության արդյունքը զգացվեց կարճ ժամանակ անց: Կիպրոսում կայացած Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի համաժողովից հետո մենք համագործակցության երկու փաստաթուղթ ստորագրեցինք: Առաջինն այս մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի օգնության ծրագիր է` երեք տարով, իսկ երկրորդը նախատեսում է, որ որպես հանդբոլային երկիր Չեխիան մեզ պետք է աջակցի: Այսպիսով, մարզագույք կտրամադրվի, մեր մարզիչների համար որակավորման բարձրացման դասընթացներ կկազմակերպվեն` Հայաստանում և արտասահմանում` արտասահմանյան լավագույն մասնագետների ղեկավարությամբ: Բացի այդ, հանրակրթական վեց դպրոցների մարզիչների ամեն ամիս 50 եվրո է հատկացվելու, որպեսզի նրանք խմբեր կազմեն և հանդբոլի պարապմունքներ կազմակերպեն պատանիների հետ:

- Հնարավո՞ր է, որ բասկետբոլիստուհիների «Հատիս» թիմի օրինակը վարակիչ դառնա, Հայաստանում լեգեոնականներից համալրված հանդբոլի թիմ ստեղծվի և այն մասնակցի եվրոպական ստուգատեսի:

- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի բյուջեն նույքան է, որքան մերը: Պարզապես, պրոֆեսիոնալ բարձրակարգ խաղացողներով ակումբ ստեղծելը մասնավոր բիզնես է և այլ եզրեր ունի, արդյունքների հասնել էլ հեռահար նպատակներ է հետապնդում: Այդ ամենի համար տարբեր տեղերից փողեր են հավաքվում: Կարճ ասած, մերը` մարզական հասարակական կազմակերպություն է և այդպիսի խնդիր և ցանություն չունենք:

- Գուցե՞ պետության կողմից աջակցության կարգով հանդբոլի ֆեդերացիային հատկացվող գումարի չափը պետք է ավելացվի: Արդյո՞ք, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ճի՞շտ է բաշխում կառավարությունից տրված գումարները:

- Չենք կարծում, որ սպորտը պետք է զարգանա սոսկ պետական միջոցների հաշվին: Մեծ սպորտը, աստեղայինը, կարող է զարգանալ միայն մասնավոր ներդրումների միջոցով: Դա ընդունված է ողջ աշխարհում: Իսկ մանկապատանեկան սպորտի խնդիրների կարգավորման հարցերով պետք է պետությունը զբաղվի: Մեխանիզմն այն է, որ պետությունը հոգում է մարզադպրոցների կարիքները: Ցավոք, Հայաստանի խաղային մարզաձևերի ներկայացուցիչները չեն կարող ներկայումս հաջողությունների հասնել օլիմպիական խաղերում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: Հայաստանի ներկայացուցիչներն ուժեղ են մենապայքարային մարզաձեւերում, և կարողանում են հաջողությունների հասնել ամենաներկայացուցչական ստուգատեսներում, նաև օլիմպիական խաղերում: Դա բոլորիս է ուրախացնում է: Հասկանալի է, որ այդ մարզաձևերի ֆեդերացիաներին է տրվում աջակցության փողերի մեծ մասը: Ինչ մնում է խաղային մասսայական մարզաձևերին, ապա ներկայումս տրամադրվող սուղ միջոցներով հնարավոր չէ որևէ է արդյունքի հասնել, և այդ մարզաձևերի ֆեդերացիաներին անհրաժեշտ է նպատակային ֆինանսներ տրամադրվեն: Այս սկզբունքով պետք է առաջնորդվել և փողերը բաշխել, ոչ թե այն բանով, թե որ մարզաձևն ինչ արդյունք է տվել: Եթե արդյունքով են առաջնորդվում, ապա որ մարզաձեւն այդ առումով առաջին տեղում է, միշտ ամենաշատ փողերն է ստանալու և այդպես էլ առաջատար մնալու է, իսկ վերջին տեղում գտվողը շարունակելու է այդ դիրքը զբաղեցնել, որովհետև խորհրդանշական գումար է ստանալու: Այսպիսի մոտեցումը պետք է վերանայվի:

- Հնարավոր է, որ այն մարզադպրոցներում, որոնցում արմատավորված է հանդբոլը, լավ խաղացողներ աճեն:

- Դժվարությամբ ենք կարողանում մի քանի խաղացող ընտրել այս կամ այն տարիքային խմբերի մեր հավաքականները համալրելու համար: Թերևս, պատճառն այն է, որ ցածր է մարզադպրոցների մարզիչների վարձատրությունը, մեծ մասի համար դա պարզապես երկրորդ աշխատանք է: Ինչ վերաբերում է հանդբոլի ֆեդերացիային, ապա այս տարի այն 42 մլն դրամի ծախս է կատարել, այսինքն պետության տված 18 մլն դրամից շատ ավելի: Եվ անգամ այդպիսի բյուջեով չենք կարող համեմատվել այլ, նաև տարածաշրջանի երկրների հանդբոլի ֆեդերացիաների հետ, որոնք միլիոնավոր դոլարների հասնող բյուջեներ ունեն: Մերոնք ինչպե՞ս կարող են հավասար պայքարել այդ երկրի ներկայացուցիչների հետ:

- Իսկ հնարավո՞ր չէ, որևէ այլ ելք գտնել:

- Մտադիր ենք օգտագործել արտասահմանում գտնվող բարձրակարգ հայ հանդբոլիստների ուժերը: Մասնավորապես, հանդբոլը Ֆրանսիայում շատ զարգացած է, այն այդերկրում ֆուտբոլից հետո երկրորդ մարզաձևն է, եւ այնտեղ կան բարձրակարգ հայ խաղցողներ, ընդ որում, մի քանի տասնյակ: 2009-ին հանդբոլի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանի հետ միասին եղել ենք Ֆրանսիայում, երկողմանի խաղեր կազմակերպել մեր հայրենակիցների մասնակցությամբ: 11 լավագույններին ընտրել ենք, որպեսզի հետագայում նրանք համալրեն մեր երկրի հավաքականը: Ի դեպ, 2010-ի հունվարի 14-ին կրկին Ֆրանսիա էինք մեկնելո, արդեն 5 մարզուհու հետ միասին: Այնտեղ ունենք 12 հանդբոլիստուհիներ: Եվ փորձցինք համատեղ հավաքական ստեղծել, որը կխաղա «Չելենջ տրոֆի» մրցաշարում: Այն կայանալու է 2010-ի մարտին Իսրայելում: Ընտրվել է նաև 10 պատանի հայ հանդբոլիստ, ովքեր հետագայում կաճեն և կխաղան մեր ազգային հավաքականում:

-Ճարահատյալ ենք այս քայլին դիմում, քանի որ հատկապես մեծահասակ հանդբոլիստներ Հայաստանում գրեթե չունենք: Իսկ մեր հայրենակիցները ոգևորությամբ են ցանկոթյուն հայտնում, որ պաշտպանեն Հայաստանի պատիվը:

- Իսկ բարձրակարգ մարզիչների խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի:

- Ֆրանսիայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահին դիմել ենք, որ աջակցի այդ հարցում: Նա հայտնեց, որ դա բարդ խնդիր է, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված: Ի դեպ, ֆրանսիացի ճանաչված մասնագետներից մեկը, որի անունը չեմ ցանկանում տալ, խոստացել է, որ Հայաստանի հավաքականներին կօգնի որպես խորհրդատու:

- Վերջին շրջանում շատ է խոսվում լողափնյա հանդբոլը Հայաստանում արմատավորելու մասին:

- Դա ևս Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի հետ համաձայնեցված ճրագրով է իրականցվում: Մեզ նվիրել են լողափնյա հանդբոլի խաղահրահրպարակի մարզագույք` չորս հավաքածու, նաև գնդակներ, 2009-ին մարզիչ էր գործուղվել Հայաստան, որը գործնական և տեսական պարապմունքներ էր անցկացրել մեր մասնագետների հետ: Մրցաձեւն մեր համար էկզոտիկ է, քանի որ լողափերով հարուստ երկիր չենք, սակայն այն կարող է նպաստել, որպեսզի դասական վոլեյբոլի լավ խաղացողներ ունենանք: Բանն այն է, որ լողափնյա վոլեյբոլը նպաստում է մարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը: Իսկ դա մեր հանդբոլիստների աքիլեսյան գարշապարն է, ամենաթույլ տեղը: Այդ նպատակով Գեղարքունիքի մարզում խաղահարապարակ կսարքավորվի, հետագայի հետ կապված լուրջ ծրագրեր կան:

- Ի՞նչ է լինելու հայկական հանդբոլի հետագա ճակատագիրը:

- Այն Հայաստանում կդառնա տարածված մարզաձև: Իսկ մեր գլխավոր խնդիրն է, որ առաջիկա միջազգային խաղերում պատվով հանդես գանք:

- Հնարավո՞ր է, որ հանդբոլը Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրում մտցվի:

- Դա արդեն Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի, ՀՀ ԿԳ նախարարության խնդիրն է: Այս մարզաձևը ուսանողների շրջանում տարածված է: Եվ եթե ֆինանասների պակասի, կամ մեկ այլ բանի պատճառով այն դուրս է մնացել խաղերի ծրագրից, կարել է այդ բացթողումն ուղղել:

- Ո՞րն է ամենալուրջ հիմանախնդիրը:

- Մարզադահլիճների պակասը: Միջազգային չափանիշներին համապատասխանող մարզասրահները` 46x 26 մ չափի, մեր երկրում մասնավոր են, և եթե պետության տրամադրված բոլոր փողերը տրամադրենք, որ միայն Հայաստանի հավաքականը մարզումներ անցկացնի, դարձյալ չենք կարող խնդիրը լուծել, ֆինանսները չեն բավարարի: Մարզադպրոցների ներկայացուցիչներն էլ այդ հարցում հիմնականում խայտառակ վիճակում են: Փաստն այն է, որ հանդբոլի Հայաստանի հավաքականը պարապելու տեղ չունի: Արդեն մի քանի տարի է, որ այդ մասին բարձրաձայնում ենք, սակայն նույն բանը շարունակվում է: Մինչդեռ, դա արդեն պետության լուծելիք խնդիրն է: Բացի այդ, ամեն մի մրցման մասնակցելուց առաջ նախապես առնվազն 2 հազար եվրո պետք է մուծել, մինչդեռ աջակցության միջոցների հաշվին ֆինանսնական այս խնդիրն էլ չի կարելի լուծել, չի թույլատրվում: Հավաքականը երկիր է ներկայացնում, մինչդեռ խաղացողների մարզահագուստի հարցն էլ ֆեդերացիան է կարգավորում:

- Հայաստանի հավաքական թիմերի հովանավորը մարզական գույքի եւ հանդերձանքի արտադրության «ASICS» ֆիրման է, եւ այդպիսի հարց չպետք է լիներ:

- Առաջին անգամ եմ այդ մասին «լսում»

15 դեկտեմբերի, 2009 թ., «Երկիր»

 

Վարչապետի գավաթ

Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորում կկայանա Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հավաքականները:

OnLine

Сейчас 11 гостей онлайн

English (United Kingdom) Armenian Russian (CIS)
.

Վերջին Մրցաշարը

Մրցաշարի նկարները կարող եք դիտել ֆոտո արխիվ էջում